Աչքի ցանցաթաղանթի վիրահատություն

Աչքի ցանցաթաղանքը շատ նուրբ, բայցև բազմաշերտ ու բարդ կառուցվածք ունեցող պատյան է, որն ունի լուսազգաց և գունազգաց ընկալիչներ: Ցանցաթաղանթը համարվում է տեսողական համակարգի հիմքը, քանի որ այն ստացված պատկերը փոխանցում է տեսողական նյարդին: Այսպիսով հենց ցանցաթաղանթի գործառույթի ճիշտ իրականացումից է կախված պատկերները տեսնելու ունակությունը: Այն կարող է բարակել, շերտազատվել, որի հետևանքով էլ հնարավոր է կորցնել տեսողությունն ամբողջությամբ:

Աչքի ցանցաթաղանթի շերտազատում

Ցանցաթաղանթի շերտազատումը բավական տարածված հիվանդություն է: Սկզբնական փուլում այն կարող է ոչ մի կերպ չարտահայտվել, այդ իսկ պատճառով պացիենտը պետք է այցելի ակնաբույժի և իրականացնի աչքի հատակի հետազոտություն: Սակայն, եթե այցելությունը հետաձգվի, ապա շերտազատումը գնալով ավելի վտանգավոր կդառնա, քանի որ լարվածությունը կարող է խորանալ և դառնալ նույնիսկ կուրացման պատճառ: Ավելի ուշ փուլերում առաջանում է կարճատեսություն:

Ըստ առաջացման ձևի ցանցաթաղանթի շերտազատումը տարանջատում են 3 տեսակի` ռեգմատոգեն, տրակցիոն և էքսուդատիվ: Ռեգմատոգեն շերտազատումը ցանցաթաղանթի պատռվածքների առկայության դեպքում է առաջանում, որի ժամանակ հեղուկ ապակենման զանգված է անցնում ցանցաթաղանթի տակ և տանում դրա լիակատար շերտազատման: Տրակցիոն շերտազատումն առաջանում է հիմնականում ռետինոպաթիայների դեպքում: Տրակցիաների դանդաղ զարգացման պատճառով, այս դեպքում տեսողության նվազումը ևս լինում է շատ դանդաղ՝ ամիսների, երբեմն նաև տարիների ընթացքում: Էքսուդատիվ շերտազատումը մեծամասամբ առաջանում է ներակնային բորբոքային հիվանդությունների ժամանակ և շերտազատված ցանցաթաղանթը շատ շարժուն է լինում:

Ցանցաթաղանթի շերտազատումը կարող է բուժվել միայն վիրահատական ճանապարհով, որի ժամանակ հայտնաբերվում է պատռվածքը, իրականացվում դրա փակումը և բուժումը:

Աչքի ցանցաթաղանթի վիրահատության տեսակները

Պնևմատիկ ռետինոպեքսիան իրականացվում է ցանցաթաղանթի նոր պատռվածքների դեպքում, որի ժամանակ ներմուծվում է ընդհարձակվող իներտ գազ` ռետինալ պատռվածքի համար: Սկլերայի պլոմբավորում էքսպլանտատով (լոկալ կամ ցիրկուլյար). այս վիրահատության ժամանակ իրականացվում էսկլերայի ներհում և ցանցաթաղանթի պատռվածքների փակում: Էքսպլանտատը սկլերային կապվող նյութ է: Կիրառվում են նաև սիլիկոնային ժապավեններ և սպունգեր: Հետին փակ վիտրէկտոմիայի դեպքում երբեմն կատարվում է ցանցաթաղանթի էնդոֆոտոլազերկոագուլյացիա: Այս վիրահատության ժամանակ ներմուծվում են ապակենման մարմնի ժամանակավոր փոխարինիչներ` ֆիլտրված օդ, ընդհարձակվող իներտ գազեր և սիլիկոնային յուղ:

Ցանցաթաղանթի վիրահատության գները 2022 թ

Աչքի ցանցաթաղանթի վիրահատությունը Հայաստանում արդեն տարիներ շարունակ իրականացվում է տարբեր կլինիկաներում: Ներագույն մեթոդներով և լավագույն տեխնոլոգիաներով զինված կլինիկաներում կատարվում են ամենաարդյունավետ վիրահատությունները, որոնց թույլ կտան մարդուն հետ բերել տեսողությունը և վերադառնալ բարեկեցիկ կյանքի: Գները Երևանի կլինիկաներում միջինում կազմում են 500-600 հազար ՀՀ դրամ: Ժամանակ առ ժամանակ որոշ կլինիկաներ առաջարկում են զեղչեր՝ տարիքային տարբեր սեգմենտների մարդկանց համար:

Հետվիրահատական ընթացք

Աչքի ցանցաթաղանթի վիրահատությունների դեպքում հետվիրահատական, վերականգնման շրջանը, որպես կանոն, տևում է մեկ շաբաթ: Սակայն, այս շրջանում պացիենտը պարտադիր պետք է լինի բժշկի վերահսկողության ներքո, այցելի պլանային հետազոտությունների՝ աչքի հատակը և տեսողության սրությունը ստուգելու համար:

Վիրահատությունից հետո մի քանի օր պետք է կրել վիրակապ և արևային ակնոց՝ արևի ուղիղ ճառագայթներից խուսափելու համար: Իսկ մինչև հյուսվածքների վերջնական վերականգնումը արգելվում է զբաղվել սպորտով, ֆիզիկական ծանր աշխատանք կատարել, աշխատել համակարգչով, դիտել հեռուստացույց, օգտագործել կոսմետիկա: Բացի այդ պետք է խուսափել աչքը ջրոտելուց կամ օճառոտվելուց: Եթե վիրահատության ընթացքում իրականացվել է ապակենման մարմնի հեռացում, ապա պետք է նաև խուսափել ավիաթռիչքներից և աշավներից: Արագ վերականգնման համար հիվանդներին նշանակվում են դեղամիջոցներ, ներրկումներ և աչքի կաթիլներ: Հետևելով ակնաբույժի ցուցումներին վերականգնումը կլինի արագ և առանց բարդությունների: