Կարճատեսություն (միոպիա)

Կարճատեսությունը տեսողության խանգարում է, որի ընթացքում մարդը աղոտ է տեսնում հեռվում գտնվող առարկաները: Միոպիա տերմինն առաջացել է հունարեն myops՝ աչքի կկոցել արտահայտությունից: Նորմալ տեսողության դեպքում աչքում զուգահեռ ճառագայթները բեկվում և կիզակետվում են ցանցաթաղանթի վրա, սակայն կարճատեսության դեպքում դրանք կիզակետվում են ցանցաթաղանթի առջևում: Հենց այս պատճառով էլ մարդը չի կարողանում հստակ տեսնել հեռվում գտնվող առարկան: Այն լինում է երեք տեսակ՝ թույլ, միջին և ուժեղ:

Վիճակագրության համաձայն՝ աշխարհում ամեն երրորդ բնակիչն ունի կարճատեսություն: Իսկ թե ինչու և ինչպես է առաջանում այս հիվանդությունը, կներկայացնենք ստորև:

Առաջացման և զարգացման պատճառները

Կարճատեսությունը կարող է լինել բնածին կամ ձեռքբերովի: Ինչպես յուրաքանչյուր հիվանդության, միոպիայի դեպքում նույնպես մեծ դեր ունի գենետիկ գործոնը: Այսինքն՝ եթե ծնողներից մեկը կարճատես է, ապա մեծ է հավանականությունը, որերեխան նույնպես կունենա կարճատեսություն: Կարճատեսությունը մեծամասամբ առաջանում է դեռահասության տարիներին: Աչքի այս հիվանդության առաջացման պատճառ կարող է լինել աչքերի գերլարվածությունն ու գերծանրաբեռնվածությունը՝ ընթերցանությամբ, էկրանների առջև երկար ժամանակ անցկացնելով, աչքերի մկանների թուլությունը: Իսկ աչքերի հիգիենային չհետևելը, սխալ սննդակարգը և ապրելակերպը կարող են խթան հանդիսանալ կարճատեսության առաջացման և զարգացման համար:

Կարճատեսության ախտանշաններ

Կարճատեսության ախտանշանները շատ հեշտ է հայտնաբերել, քանի որ մարդը հեռուն նայելիս նկատում է պատկերների անհստակություն: Երեխաները սովորաբար սկսում են աչքերը հաճախ կկոցել, տրորտել, երեսը խոժոռել՝ հեռվում գտնվող առարկաները տեսնելու համար, գիրքը կամ հեռախոսը շատ մոտ են բերում աչքերին՝ ավելի հստակ տեսնելու համար: Նմանատիպ ախտանշանների դեպքում պետք է դիմել ակնաբույժի, անցնել զննում և լինել հսկողության ներքո, որպեսզի հնարավոր լինի հիվանդությունը կանխել և ինչու չէ նաև բուժել:

Ինչպե՞ս բուժել կարճատեսությունը

Ժամանակակից բժշկությունը հնարավորություն է տալիս շտկելու կարճատեսությունը մի շարք մեթոդներով: Դրանցից ամենատարածվածը հատուկ տեսողական ակնոցների կամ կոնտակտային ոսպնյակներիի կրումն է, որոնք սակայն, ոչ միշտ են արդյունավետությամբ փայլում: Հատկապես ակնոցը հաճախ անհարմարություններ է պատճառում ակտիվ և սպորտային կյանք վարելիս: Բացի այդ այսօր արդեն հնարավոր է նաև կարճատեսության շտկում իրականացնել լազերային կորեկցիայի և վիրահատական մեթոդների միջոցով:

Կարճատեսության բուժման վիրահատական մեթոդներ

Ներկայումս կարճատեսության շտկման համար միկրովիրաբուժական մի շարք միջամտություններ կան: Վիրահատական տեսակներից մեկը սկլերոպլաստիկան է , որն իրենից ներկայացնում է աչքի արտաքին կեղևի (սկլերայի) ամրացման գործողություն: Սա հիմնականում իրականացվում է մանկության կամ դեռահասության տարիներին:

Սակայն, այժմ կիրառվող ր ամենաժամանակակից մեթոդը լազերային վիրահատությունն է, որի ընթացքում կատարվում է տեսողության կորեկցիա և ոչ թե բուժում կամ տեսողության վերականգնում: Լազերի միջոցով, որը կառավարվում է համակարգչով, փոխվում է եղջերաթաղանթի օպտիկական մակերեսը՝ կենտրոնացնելով տեսողությունը ցանցաթղանթի վրա և այդպիսով բերելով նորմալ տեսողության:

Վիրահատությունների գները Երևանում

Այսօր Հայաստանի բ/կ-ներում և կլինիկաներում իրականացվում են կարճատեսության շտկմանն ուղղված բոլոր մեթոդները՝ ընդհուպ ամենաբարդ վիրահատական միջամտությունները: Երևանում կարճատեսության կորեկցիայի արժեքները տատանվում են 250-450.000-ի շրջանակներում: Որոշ դեպքերում գործում են նաև զեղչեր: