Կատարակտ

Կատարակտը աչքի ոսպնյակի մասնակի կամ ամբողջական մթագնումն է, որի հետևանքով տեղի է ունենում տեսողության սրության նվազում կամ նույնիսկ կուրացում: Ոսպնյակի շնորհիվ աչքի ներսում լույսն անցնում է ցանցաթացանթի վրա և տալիս հստակ պատկեր: Իսկ դրա վնասվելու կամ փոփոխվելու դեպքում լույսի թափանցումը դեպի ակնագնդի հետևում գտնվող ցանցաթաղանթ թուլանում է և հետևաբար պատկերն՝ աղճատվում:

Առաջացման և զարգացման պատճառները

Աչքի այս հիվանդությունը զարգանում է աստիճանաբար և կարող է ախտահարել ինչպես մեկ, այնպես էլ երկու աչքը: Մեր օրերում կատարակտը (հունարեն «cataractos» ջրվեժ բառից) կուրության ամենատարածված պատճառներից մեկն է աշխարհում: Այն կարող է լինել թե՛ բնածին՝ հիմնականում գենետիկական պատճառներով, թե՛ ձեռքբերովի՝ առաջանալ տարիքային և/կամ վնասվածքների պատճառներով: Ներկայումս կատարակտը մեծամասամբ նկատվում է 50 տարեկանից բարձր անձանց շրջանում: Հիվանդության զարգացմանը նպաստում են մի շարք գործոններ, ինչպիսին են շաքարային դիաբետը, ալկոհոլի չարաշահումը, ծխախոտի օգտագործումը, արևի ճառագայթների երկարատև ազդեցությունը:

Կատարկտայի ախտանշաններ

Կատարակտը առաջանում և զարգանում դանդաղ, ուստի սկզբնական շրջանում հնարավոր է չզգալ տեսողության աստիճանաբար վատթարացումը: Այս հիվանդության գլխավոր ախտանշաններն են տեսողության պղտորումը, գույների մթագնումը, գիշերային ժամերին տեսողության վատացումը, վառ լույսի դեպքում փայլումը, լույսի շրջակայքում երիզի առկայություն:

Ինչպե՞ս բուժել կատարակտը

Սկզբնական փուլում կատարակտի զարգացումը կանխելու համար պետք է հետևողականորեն օգտագործել աչքի կաթիլներ: Սակայն, հարկ է նշել, որ սա բուժում չի կարող լինել, քանի որ կաթիլների միջոցով ախտանշանների վերացում տեղի չի ունենում, այլ դանդաղում կամ երբեմն էլ կանխվում է հիվանդության զարգացման ընթացքը:

Իսկ ռադիկալ բուժում այս հիվանդության դեպքում աչքի վիրահատության իրականացումն է: Վիրահատության ընթացքում կատարվում է պղտորված ոսպնյակի հեռացում և/ կամ փոխարինում արհեստական ոսպնյակով՝ հիվանդության ցանկացած փուլում: Կան կատարակտի վիրահատություն մի շարք մեթոդներ, որոնցից ամենատարածվածն ու ժամանակակիցը ողջ աշխարհում համարվում է ֆակոէմուլսիֆիկացիան: Սա ուլտրաձայնային վիրահատաության տեսակ է, որի ընթացքում տեղային անզգայացումից հետո կատարվում է ոչ մեծ կտրվածք, ապա ոսպնյակի էմուլսիֆիկացում: Սրան հաջորդում է ոսպնյակի պատերի լվացման և արտածծման փուլը՝ հատուկ սարքերի միջոցով: Վերջին փուլում իրականացվում է արհեստական ոսպնյակի տեղադրումը պատիճի մեջ, ինչպես նաև լուծույթների կամ հակաբիոտիկների ներարկումը՝ վարակներից խուսափելու համար:

Ֆակոէմուլսիֆիկացիան կատարակտի վերացման ոչ միայն ամենարադյունավետ, այլև արագ ու անվտանգն համարվող վիրահատությունն է: Բացի այդ բավական հեշտ և գրեթե առանց բարդությունների է ընթանում նաև հետվիրահատական ընթացքը: Աչքի այս վիրահատության առավելություններից մեկն այն է, որ հիմնականում կար չի դրվում և հիվանդի տեսողությունն սկսում է վերականգնվել վիրահատության հենց հաջորդ օրվանից:

Կատարակտի վիրահատության գներ

Կատարակտի հեռացման այս ժամանակակից մեթոդով վիրահատությունն արդեն շատ երկար տարիներ է իրականացվում է նաև Հայաստանում: Երևանի մի շարք բժշկական կենտրոններում առաջարկվում են կատարակտի վիրահատություն՝ գերժամանակակից սարքավորումներով և լավագույն նյութերով: Արժեքը տատանվում է 200-400 հազ. դրամի շրջանակներում` կախված վիրահատության տեսակից և բարդության աստիճանից: Որոշ կլինիկաներ առաջարկում են հատուկ գներ կամ որոշ դեպքերում իրականացնում են նաև զեղչեր: