Քթի միջնապատի թեքություն

Քթի միջնապատի թեքությունը բավականին տարածված երևույթ է՝ պայմանավորված բնածին և ահեստածին պատճառներով։ Այս անցանկալի երևույթը հիմնականում հանգեցում է շնչառական խնդիրների, որոնք կարող են բազմաթիվ հիվանդությունների պատճառ դառնալ՝ հայմորիտ, ռինիտ, խրոնիկ թթվածնային քաղց, տոնզիլիտ, օտիտ (ականջաբորբ), ֆրոնտիտ (ճակատաբորբ), լարինգիտ (կոկորդաբորբ):

Քթի միջնապատի թեքությունը կարող է իսպառ վերացվել ուղիղ վիրահատական միջամտությամբ, կամ, այլ կերպ ասած` սեպտոպլաստիկայի շնորհիվ։ Ի տարբերություն քթի պլաստիկ վիրահատության՝ ռինոպլաստիկայի, սեպտոպլաստիկան կատարվում է ոչ թե էսթետիկ, այլ բուժական նպատակով։

Քթի միջնապատի թեքության պատճառները

Քթի միջնապատի թեքության պատճառները  բազմաթիվ են ու բազմապիսի: Հիմնականներն են՝

- ժառանգականությունը,

- տրավմաները,

- բնածին խնդիրները (ծննդաբերության ժամանակ հոդախախտման հետևանքով),

- աճառային ու ոսկրային աճի խախտումները։ 

Շեղված միջնապատի ախտանիշները

Քթի շեղված միջնապատը դրսևորվում է հետևյալ ախտանիշներով.

  • ռնգային շնչառության դժվարություն,
  • քրոնիկ ռինիտ,
  • պարանազային սինուսների քրոնիկ բորբոքային հիվանդություններ,
  • չորություն քթի խոռոչում, քթից արյունահոսություն,
  • հոտառության թուլացում, նվազում,
  • խռմփոց, քնի խանգարումներ,
  • գլխացավ՝ կրկնվող ու պարբերական,
  • քթի ձևի փոփոխություններ։

Ամենատարածված ֆունկցիոնալ խնդիրներն են քթի միջնապատի թեքությունը կամ դեֆորմացիան և ստորին քթային խեցիների մեծացումը (հիպերտոֆիան)։
Լինում են դեպքեր, երբ հաճախորդն ունենում է քթի միաժամանակ և՛ կոսմետիկ, և՛ ֆունկցիոնալ գանգատներ։ Օրինակ՝ միջնապատի խիստ ակնառու դեֆորմացիան կարող է հանգեցնել շնչուղիների արգելափակման և քթի ակնհայտ կորության, կամ քթի վրա տհաճ սապատի ձևավորման։

Միջնապատի թեքության շտկման տեսակները

Մինչև շեղված միջնապատի վիրահատական միջամտությունների տեսակներին  անդրադառնալը նշենք, որ սեպտոպլաստիկան ունի որոշակի ցուցումներ, որոնց առկայության դեպքում պետք է դիմել բժշկի`հետազոտություն անցնելու համար․

  • երբ շնչառությունը քթով դժվարանում է,
  • առկա են քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ,
  • նկատելի է քթի դեֆորմացիա,
  • քթի լորձաթաղանթի խրոնիկական չորություն, ալերգիկ հարբուխ։

Միջնապատի թեքության շտկման տեսակներն են՝ դասական, էնդոսկոպիկ, լազերային և ռադիոաիքային։

Դասական մեթոդով կտրվածքն իրականացվում է վիրաբուժական դանակով, քթի ներքին մակերեսին՝ բաց կամ փակ մեթոդներով: Էնդոսկոպիկի դեպքում օգտագործվում են վիրաբուժական ապարատներ, որոնք հիանալի արդյունք են ապահովում: Ընթացքը կառավարվում է փոքրիկ տեսախցիկով: Այս մեթոդն արդյունավետ է ցանկացած բարդ դեֆեկտների (աճառային, ոսկրային հյուսվածքների) դեպքում: Լազերային մեթոդը ցուցված է միայն քթի կռճիկների համար. ոսկրային հյուսվածքն այս մեթոդով ուղղել հնարավոր չէ: Դա տեղի է ունենում աճառային հյուսվածքի այրման եղանակով՝ լազերային ճառագայթների միջոցով: Ռադիոալիքային մեթոդը թույլ է տալիս շտկելու ոչ միայն աճառային, այլև ոսկրային հյուսվածքի խնդիրները: Կա ևս մեկ մեթոդ՝ քթի ստորին խեցիների լազերային վազոտոմիան (գոլորշիացումը), որի նպատակն է թեթևացնել  քթային խցանումը՝ առաջացած ստորին խեցիների մեծացումով: Այս դեպքում խեցիները այրվում են լազերային կամ ռադիոալիքային ճառագայթով և կրճատվում չափերով:

Շեղված միջնապատի շտկման վիրահատության գներ

Քթի շեղված միջնապատով վիրահատությունների արժեքը, եթե պլաստիկ բաղադրիչ չունեն, այսինքն՝ խոսքը ռինոպլաստիկայի մասին չէ, համեմատաբար ցածր է, և Հայաստանի կլինիկաներոմ սկսվում է 210,000 դրամից։  Պարբերաբար  հայտարարվող ակցաներին ու զեղչերին հետևելու դեպքում հնարավոր է նաև հաջողել ուղղել քթի միջնապատի թեքությունն ու այլ ֆունկցիոնալ դեֆորմացիաները շատ ավելի ցածր գնով՝ 210.000-350.000 դրամի սահմաններում։  Երևանի բոլոր կլինիկաները հագեցած են ժամանակակից սարքավորումներով ու կադրերով, գները ներառում են ստանդարտ լաբորատոր հետազոտություններն ու պալատի արժեքը։