Լյարդի ճարպակալում

Լյարդի ճարպակալումը, կամ, ինչպես անվանում են այլ կերպ, ճարպային հեպատոզը, լյարդի քրոնիկ հիվանդություն է, որը բնութագրվում է լյարդի բջիջներում ավելորդ ճարպի կուտակմամբ:

Լյարդի ճարպակալումը ընթանում է մի քանի փուլով.

  • I փուլը ստեատոզն է։ Այս փուլում ընթանում է վնասակար ճարպերի կուտակման գործընթաց: Դա շատ հաճախ անցնում է առանց ախտանշանների։
  • II փուլը ոչ ալկոհոլային ստեատոհեպատիտն է, երբ բժշկին դիմելու հետաձգումը հանգեցնում է բորբոքման խորացման։
  • III փուլում զարգանում է ֆիբրոզ, որը սպառնում է լյարդի ցիռոզով (ինչն էլ, ի վերջո, հանգեցնում է լյարդի աշխատանքի խանգարման):

Առաջացման և զարգացման պատճառները

Այս հիվանդության համար վաղ ախտորոշումը չափազանց կարևոր է, քանի որ լյարդի ճարպակալումը կարող է սպառնալ սրտանոթային պաթոլոգիաների առաջացմամբ: Լյարդի ճարպակալման ռիսկի գործոններն են՝

  • ավելորդ քաշը,
  • II տիպի շաքարային դիաբետը,
  • նյութափոխանակության համախտանիշը,
  • հիպոդինամիան։

Լյարդի ճարպակալման ախտանիշները

Լյարդի ճարպակալումը կարող է ընթանալ առանց ախտանիշների։ Այնուամենայնիվ, գոյություն ունեն նշաններ, որոնց արժե ուշադրություն դարձնել՝

  • բութ ցավ,
  • արյան ճնշման կանոնավոր բարձրացում,
  • ձեռքերի ափերի կարմրություն,
  • ծանրության զգացողություն լյարդի շրջանում,
  • սրտխառնոց,
  • գերհոգնածություն,
  • աշխատունակության անկում։

Լյարդի ճարպակալման բուժումը

Լյարդի ճարպակալման բուժման գործընթացում կարևոր է լյարդի վրա բացասական ազդեցություն թողնող գործոնների բացառումը: Բուժման ռեժիմը ներառում է ճիշտ սնունդն ու սննդակարգը: Խորհուրդ է տրվում օգտագործել այնպիսի մթերքներ, որոնք պարունակում են սննդային մանրաթելեր (մրգեր և բանջարեղեն):

Լյարդի ճարպակալման դեմ դեղորայքային թերապիան ներառում է այնպիսի դեղամիջոցների կիրառում, որոնք ունեն հակաբորբոքային և հակաօքսիդիչ ազդեցություն:

Բուժման պայմաններն ու գները

Հիվանդության ախտանիշներ ունենալու դեպքում, խորհուրդ ենք տալիս կապվել Հայաստանի կլինիկաների հետ, որտեղ պրոֆեսիոնալ բժիշկները ձեզ կտրամադրեն որակյալ բուժում։ Երևանի կլինիկաներում լյարդի ճարպակալման բուժման գները տատանվում են 100,000 – 200,000 դրամի սահմաններում: