Շլություն

Նորմալ տեսողության դեպքում մարդու երկու աչքերն ունենում են մեկ ֆիքսման կետ, որով էլ ստացվում է մեկ եռաչափ պատկեր: Իսկ ահա շլության դեպքում աչքերից մեկը շեղվում է ընդհանուր ֆիքսման կետից: Շլությունը բժշկական տերմինաբանությամբ անվանում են ստրաբիզմ, որը հունարենից թարգմանաբար նշանակում է թեք կամ հետերոտրոպիա՝ տարբեր և շրջադարձ բառերից: Թե ինչու և ինչպես է առաջանում աչքի այս հիվանդությունը, կներկայացնենք ստորև:

Շլության տեսակները և առաջացման պատճառները

Աչքերի շլության առաջացման պատճառները բազմազան են: Սկսած տեսողության տարբեր խանգարումներից մինչև ժառանգականության գործոնը կարող են ազդել մարդու տեսողության ճիշտ զարգացման վրա: Նորածին երեխաների շրջանում հաճախ է պատահում տեսողության տարամիտում, սակայն երեք ամսականում այն աստիճանաբար ուղղվում է: Բացի գենետիկական գործոնից, երեխաների շլության պատճառ կարող են լինել նաև ինֆեկցիոն հիվանդությունները, ստրեսը, տեսողական գերծանրաբեռնվածությունն ու աչքերի երկարատև լարվածությունը: Հազվադեպ պահատում է նաև, որ երեխաները ունենում են շլություն առանց որևէ ակնհայտ պատճառի: Այս դեպքում ևս պետք է անպայման դիմել ակնաբույժի:

Տարբերակում են շլության երկու ձև՝ համակցված և պարալիտիկ: Համակցված շլությունը մեծամասամբ հանդիպում է մանկական տարիքում: Այն բացի մեկ աչքի ընդհանուր ֆիքսման կետի շեղումից, ուղեկցվում է նաև բինօկուլյար տեսողության խանգարմամբ: Այս տեսակի դեպքում աչքի մեկը ֆիքսվող է լինում, իսկ մյուսը՝ շլող: Կախված շլող աչքի շեղման ուղղությունից լինում են շլության հետևյալ տեսակները՝ համամիտվող, տարամիտվող, վերտիկալ:

Աչքերի շլության ախտանշաններ

Աչքերից մեկը կամ երկուսը կարող են շեղվել մի կողմ կամ հաճախ դեպի քթի կողմ: Նման երևույթ կարող է դրսևորվել նաև նորածինների մոտ, սակայն 6 ամսականում այն պետք է անցնի: Երբեմն նաև ծնողները շփոթում են շլությունը աչքերի յուրօրինակ կտրվածքի կամ տեղակայման հետ, սակայն ժամանակի ընթացքում քթի ձևի փոփոխության հետ մեկտեղ թվացյալ շլությունն անցնում է: Իսկ եթե ավելի մեծ տարիքում է նման երևույթ նկատվում, ապա դա արդեն ոչ թե թվացյալ, այլ իրական շլություն է, որը բուժման կարիք ունի:

Ինչպե՞ս բուժել շլությունը

Շլության դեպքում սովորաբար նորմալ տեսողությունը պահպանվում է այն աչքում, որը ճիշտ է տեսնում: Իսկ թեքված աչքը հետզհետե ավելի և ավելի վատ է տեսնում.դրա տեսողական գործառութները խանգարվում են: Այդ իսկ պատճառով էլ շլության բուժումը պետք է հնարավորինս շուտ սկսվի: Այս աչքի հիվանդության բուժումն իր մեջ ներառում է՝ օպտիկական կորեկցիա (ակնոցով կամ կոնտակտային ոսպնյակներով), ապարատային պրոցեդուրաներով աչքերի սրության բարձրացում, օրթօպտիկ և դիպլօպտիկ բուժում (բինօկուլյար տեսողության զարգացում), մոնօկուլյար և բինօկուլյար գործառույթների ամրապնդում, ինչպես նաև վիրահատական միջամտություն:

Աչքի շլության վիրահատություն

Սովորաբար այս պարագայում վիրահատությանը շատ անգամ վերաբերում են որպես կոսմետիկ բուժման միջոցի, քանի որ այն միշտ չէ որ վերականգնում է բինօկուլյար տեսողությունը: Վիրահատության ընթացքում ուժեղացվում կամ թուլացվում են աչքի խնձորակը տեղաշարժող որոշ մկաններ: Վիրահատությունն ու հիվանդի դուրսգրումն իրականացվում է մեկ օրվա ընթացքում. միջամտությունն իրականացվում տեղային անզգայացմամբ: Իսկ ահա վերջնական վերականգնումը տեղի է ունենում մեկ շաբաթվա ընթացքում: Այսպիսի վիրահատական միջամտությունից հետո բժիշկները խորհուրդ են տալիս անցնել նաև ապարատային բուժում՝ արդյունքն ամրապնդելու և տեսողական գործառույթներն ավելի արագ վերականգնելու համար:

Հայաստանյան տարբեր բժշկական կենտրոններում իրականացվում են աչքի շլության բուժումներ՝ վերը թվարկված բոլոր մեթոդներով: Իհարկե, կախված մեթոդներից և վիրահատության բարդությունից, գները տարբեր են: Երևանի մի շարք բժշկական կենտրոններում գործում են նաև զեղչեր: