Սպիների հեռացում

Կոնսուլտացիա

Արտաքին և ներքին տարբեր գործոնները, ինչպիսիք են վնասվածքները, այրվածքները, վիրահատությունը կամ ակնեները, մարդու մաշկի վրա երբեմն թողնում են անջնջելի թվացող հետքեր՝ սպիներ: Հաճախ դրանք բարդույթների առաջացման պատճառ են դառնում մասնավորապես կանանց շրջանում, հատկապես եթե գտնվում են դեմքի վրա կամ տեսանելի այլ հատվածում: Այդ իսկ պատճառով դրանց հեռացմանն ուղղված պրոցեդուրաներն ամբողջ աշխարհում շատ մեծ պահանջարկ ունեն:

Այսօր ժամանակակից էսթետիկ բժշկությունը հնարավորություն է տալիս հեռացնել սպիները՝ ընդմիշտ մոռանալով դրանց մասին: Սպիների հեռացումը կատարվում է տարբեր մեթոդներով՝ կախված դրանց գտնվելու վայրից, տեսակից, խորությունից և այլ հանգամանքներից: Ի տարբերություն մի շարք մեթոդների, պլաստիկ վիրահատության միջոցով սպիների հեռացումը ամենաարդյունավետն է՝ հատկապես խորը, կոշտ և խոշոր սպիների դեպքում: Սակայն, նախքան վիրահատության դիմելը անպայման պետք է խորհրդակցություն անցնել պլաստիկ վիրաբույժի մոտ, ով կուսումնասիրի սպին և կներկայացնի բոլոր ցուցումներն ու հակացուցումները:

Սպիների հեռացման գները Հայաստանում 2020

Սպիների հեռացումը ոչ այնքան բարդ և բավական հասանելի պրոցեդուրա է: Կախված դրա տեսակից, գտնվելու վայրից, չափսից և, իհարկե, հեռացման մեթոդից, սպիների հեռացման գները Հայաստանում տատանվում են 5000-200.000 ՀՀ դրամի շրջանակներում: Երևանի մի շարք կլինիկաներում և բժշկական կենտրոններում կիրառվում են սպիների հեռացման ամենատարբեր մեթոդներ: Իհարկե, կախված բազմաթիվ հանգամանքներից՝ որոշ բժշկական կենտրոններում գործում է նաև ճկուն զեղչային համակարգ:

Վիրահատություն

Սպիների պլաստիկ վիրահատությունը զուտ էսթետիկ բնույթ է կրում և բժշկական որևէ ցուցումներ չունի: Այս պլաստիկ վիրահատությանը մեծամասամբ դիմում են միջին տարիքի կանայք, ովքեր ունեն հետծննդաբերական, վիրահատական կամ դեմքի սպիներ: Սպիների պլաստիկ վիրահատությունն անցկացվում է կա՛մ տեղային, կա՛մ ընդհանուր անզգայացումով՝ կախված սպիի գտնվելու վայրից, չափսից և խորությունից: Հենց այս նույն հանգամանքներից է կախված նաև վիրահատման գործընթացի տևողությունը:

Վիրահատության ընթացքում վիրաբույժը կտրում է սպին այնպես, որ հետո զուգակցի վերքի եզրերը և շատ նուրբ կոսմետիկ կարով միացնի դրանք: Երբեմն խոշոր սպիների դեպքում կատարվում է մարմնի այլ մասից վերցված մաշկի փոխպատվաստում:

Իսկ ահա լազերային տեխնոլոգիայի միջոցով սպիի հեռացման դեպքում կատարվում է վնասված հյուսվածքների վերականգնում և առողջ մաշկի մակերեսի հարթեցում: Սակայն, ի տարբերություն սպիների հեռացման պլաստիկ մեթոդին, լազերային պրոցեդուրայի դեպքում առավելագույն արդյունքի հասնելու համար, այն պետք է կրկնել մի քանի անգամ:

Հետվիրահատական ընթացք

Սպիների վիրահատությունից հետո տեղային անզգայացման դեպքում հիվանդանոցում մնալ չի պահանջվում, քանի որ հետվիրահատական ընթացքն այս դեպքում բարդ և երկարատև չէ: Վիրահատական կարերը հեռացվում են 3-4 օր անց, իսկ վերականգնման ընթացքը տևում է մոտ 5-7 օր:

Սպիների հեռացման վիրահատությունից հետո առաջանում է կեղև, որը ոչ մի դեպքում չի կարելի պոկել: Իսկ բարդություններ սպիների պլաստիկայից հետո հազվադեպ են լինում: Կարերի տեղերի վերականգնման գործընթացն արագացնելու և էսթետիկական տեսքն ընդգծելու համար բժիշկը հնարավոր է խորհուրդ տա անցնել ֆիզիո և կոսմետոլոգիական պրոցեդուրաներ:

Այս պրոցեդուրաներն անցնելուց և վերքերի լավացումից հետո կարելի է անցնել կյանքի բնականոն հունին: Սակայն, հետվիրահատական շրջանում շուրջ մեկ ամիս արգելվում է արևայրուք ընդունել, այցելել սոլյարի, սաունա, լողավազան կամ շոգեբաղնիք: Մնացած բոլոր հակացուցումների մասին տեղեկանալու համար հարկավոր է դիմել պլաստիկ վիրաբույժին: